Ի՞նչ պետք է անել երեխային պաշտպանելու համար

  • Պետք է միշտ իմանալ, թե որտեղ է Ձեր երեխան և ում հետ, զգուշությամբ մոտենալ երեխայի այլ տեղերում գիշերելու փաստին: Թող երեխաները գնան զույգերով կամ խմբով, երբ հնարավոր է: Երեխաները պետք է տուն վերադառնան միշտ նույն ճանապարհով: 
  • Ծանոթացեք այն մարդկանց հետ, ովքեր աշխատում են Ձեր երեխայի հետ դպրոցում և ազատ ժամանակ: 
  • Մի թողեք երեխաներին միայնակ գնալ հասարակական զուգարան: 
  • Լսեք Ձեր երեխային: Հասարակ բառերը, օրինակ՝ «Ինձ այլևս դուր չի գալիս երաժշտության ուսուցիչը» կամ «Ես չեմ ուզում, որ պապիկը մեզ հյուր գա», իրենց մեջ կարող են լուրջ ուղերձ պարունակել: Հարցրեք երեխային՝ ինչո՞ւ: 
  • Ստուգեք՝ հասկացե՞լ է արդյոք երեխան, թե ինչ են նրան սովորեցրել՝ խաղալով նրա հետ «Ի՞նչ կլինի նրան, եթե....» տիպի խաղ: 
  • Քննարկեք երեխաների հետ յուրահատուկ իրավիճակներ և ցանկացած այլ տեղեկություն նրա անձնական անվտանգության հետ կապված, օրինակ՝ ի՞նչ պետք է նա անի, եթե կորի խանութում, բաց թողնի ավտոբուսը և այլն: Թող երեխան մասնակցի որոշումներ կայացնելու գործին: Ուշադրությունը կենտրոնացրեք իրավիճակի, այլ ոչ թե՝ մարդու վրա: Սկսեք «անծանոթ մարդուց», հետո անցեք «մարդկանց, որոնց դուք ծանոթ եք», օրինակ՝ հարևան, փականագործ և այլն, հետո նրան, ում Ձեր երեխան սիրում է: 
  • Եղեք կոնկրետ՝ «Ի՞նչ կանեիր, եթե ինչ-որ մեկը հրավիրեր քեզ մեքենայով զբոսնելու, այգում քայլելու»: Կապ չունի թե ով` երեխայի արձագանքը պետք է լինի միանշանակ: Եթե երեխան սխալ պատասխանի, աշխատեք այդ ուղղությամբ: Օգնեք երեխային խոսել այն մասին, թե ինչպես ինքը պետք է գործի: 
  • Պետք չէ վստահ լինել, որ երեխան ամեն ինչ հասկացել է, ինչպես հարկն է, եթե չեք խոսել նրա հետ այդպիսի վտանգավոր իրավիճակների մասին շատ կոնկրետ: 
  • Ժամանակ առ ժամանակ խոսեք ամբողջ ընտանիքի անվտանգության մասին: Հիշեցրեք Ձեր երեխաներին, որ նրանք միշտ պետք է պատմեն, եթե նրանց հետ ինչ-որ բան է պատահում: Եթե առաջինը, ում նրանք պատմում են, չի հավատում իրենց, պետք է էլի ինչ-որ մեկին պատմեն, կրկին ու կրկին, մինչև ինչ-որ մեկը գործողություններ ձեռնարկի: 
  • Եթե երեխան ասում է Ձեզ, որ իր հետ նման բան արդեն պատահել է, խուճապի մի մատնվեք: Եթե զայրանաք, երեխան կարող է մեղքի զգացում ունենալ և խոսքերը հետ վերցնել: Պատասխանեք երեխային հանգիստ և հավատացրեք նրան, որ ոչ մի վատ բան չի արել և որ դա իր մեղավորությունը չէ: Աջակցեք երեխային, փորձեք հասկանալ նրա զգացմունքները, օրինակ՝ արդյո՞ք երեխան զգում է զայրույթ, վախ, տխրություն կամ տագնապ, հանգստացրեք նրան, ասեք, որ կպաշտպանեք նրան:

 

Երեխայի համար ապահովության ցանց ստեղծելու համար

  • միասին ավելի շատ ժամանակ անցկացրեք,
  • միասին արեք ամեն բան` որպես ընտանիք,
  • խոսե՛ք երեխայի հետ նրա ընկերների մասին,
  • լսե՛ք երեխայի անհանգստությունների և մտահոգությունների մասին,
  • ընդունե՛ք նրանց արարքները,
  • պատմե՛ք նրանց այն բարդությունների մասին, որ կարող են հանդիպել ապագայում,
  • հավատացրե՛ք նրանց, որ կլինեք նրանց կողքին և կօգնեք,
  • ազնի՛վ եղեք նրանց հետ,
  • նրանց սիրո՛վ վերաբերվեք,
  • փորձե՛ք հասկանալ զգացմունքները, որ ընկած են երեխայի վարքագծի հիմքում,
  • ամրացրե՛ք նրանց ինքնագնահատականը,
  • օգնե՛ք նրանց բացահայտել և սիրել իրենց անձը,
  • խրախուսե՛ք երեխային հավատալու իր ունակություններին,
  • օգնե՛ք նրանց տեսնելու իրենց ուժեղ կողմերն ու բնավորության առանձնահատուկ գծերը,
  • ընդգրկվա՛ծ եղեք երեխայի դպրոցում,
  • հետաքրքրվե՛ք նրանով, թե ինչ է երեխան կարդում, խաղում և դա քննարկե՛ք նրա հետ,
  • ճանաչե՛ք նրանց ընկերներին, թու՛յլ տվեք ժամանակ անցկացնել ձեր տանը, հանդիպել ընտանիքի անդամների հետ,
  • մո՛տ եղեք, բայց պահե՛ք սահմանը,
  • իմացե՛ք, թե որտեղ է երեխան և ում հետ, բայց հարգե՛ք նրա անհատականությունն ու աճող կարիքը անկախության և անձնական կյանքի նկատմամբ,
  • ցու՛յց տվեք երեխային, որ վստահում և հավատում եք նրան,
  • մի՛ խուսափեք այն հարցերի պատասխաններից, որոնք կապված են երեխայի ֆիզիոլոգիական և սեռական հասունացման և դաստիարակության հետ,
  • մի՛ հապաղեք խորհրդակցել ուսուցչի կամ այլ մասնագետի հետ, երբ երեխայի վարքում նկատում եք որևէ անսովոր փոփոխություն,
  • բացատրե՛ք իրավիճակները: Օգնե՛ք երեխային հասկանալ անհասկանալի իրավիճակը,
  • պատիժը զգուշորե՛ն օգտագործեք: Գոյություն ունի հստակ սահմանագիծ պատժի` որպես երեխայի հանդեպ դաժանության, և պատժի` որպես դաստիարակչական միջոցի միջև:
  • մոդելավորե՛ք պատշաճ վարքագիծ: Ծնողները և ուսուցիչները պետք է տեղյակ լինեն իրենց գործողությունների` երեխայի կամ երեխաների խմբի վարքագծի վրա թողած ուժեղ ազդեցության վերաբերյալ:
  • Սովորեցրե՛ք երեխաներին ինքնաարտահայտվել խոսքի միջոցով: Խոսելը օգնում է երեխային ինքնակառավարվել և այդպիսով կրճատել վարքագիծը գործողությամբ արտահայտելը:

 

 

Խորհուրդներ ծնողներին ճգնաժամային փուլերում երեխաների հետ հարաբերությունները պահպանելու վերաբերյալ 

  1. Պետք չէ խուճապի մատնվել: Հիշե՛ք, ճգնաժամերը ժամանակավոր են և անցնում են, ինչպես ցանկացած մանկական հիվանդություն:
  2. Աշխատե՛ք, որ երեխայի համար սահմանված բոլոր արգելքները լինեն հիմնավորված և պետք է ձգտել նրան հնարավորինս ազատություն և ինքնուրույնություն տալ: Նրա համար եղե՛ք ոչ թե արգելքներ դնող, այլ՝ խորհրդատու:
  3. Եղե՛ք հետևողական: Եթե ինչ-որ բան արգելում եք, ապա մինչև վերջ մնացեք անզիջում, հակառակ դեպքում լացը կարող է դառնալ ուզածին հասնելու միջոց:
  4. Հետևե՛ք, որ ընտանիքի բոլոր անդամները նույն պահանջները դնեն երեխայի առջև:
  5. Կամակորության և լացի ժամանակ ոչ թե համոզեք երեխային, այլ շեղեք նրա ուշադրությունը:
  6. Անօգուտ են հրամայական տոնը և պատիժները:
  7. Եթե երեխայի հետ Ձեր հարաբերությունները նման են չընդհատվող պատերազմի, եղե՛ք փոքր-ինչ մեղմ ու զիջող:
  8. Եղեք՛ հնարավորինս  լավատես և զվարթ: Հումորը և լավատեսությունը կարող են հրաշքներ գործել: 
  9. Մի՛ մեղադրեք երեխային: Մի՛ ծանրաբեռնեք նրան:
  10. Ստեղծե՛ք վստահության մթնոլորտ Ձեր և երեխայի միջև:

 Խորհուրդներ այն մայրերին, ովքեր գտնվում են իրենց երեխայից հեռու և շփումը սահմանափակ է 

  • Փորձեք հաճախակի հեռախոսով խոսել Ձեր երեխայի հետ:
  • Անկախ Ձեր և երեխայի միջև գոյություն ունեցող հեռավորությունից, թող երեխան իմանա, որ դուք հետաքրքրված և ներգրավված եք նրա դաստիարակության մեջ և անհրաժեշտության դեպքում պատրաստ եք օգնել:
  • Եղեք հարգալից Ձեր երեխայի հանդեպ և ցույց տվեք Ձեր անսահման սերը նրան:
  • Հետաքրքրվեք ձեր երեխայի հետաքրքրություններով և զգացմունքներով:
  • Եթե շատ բարկացած եք որևէ վարքի կամ միջադեպի կապակցությամբ, հաղորդակցվելու փորձ մի կատարեք, մինչև կհանգստանաք, քանի որ, հակառակ դեպքում, չեք կարող օբյեկտիվ լինել:
  • Երեխայի հետ շփման ժամանակ ի ցույց մի դրեք Ձեր առավելությունը երեխայի նկատմամբ: Փորձեք հավասարվել երեխային, երբ խոսում եք նրա հետ:
  • Եթե երեխային որևէ անհանգստացնող բան կա` մի հարցրեք «ինչո՞ւ», այլ հարցեք` «ի՞նչ է պատահել»:
  • Մի՛ օգտագործեք վիրավորական բառեր կամ արտահայտություններ` տխմար, հիմար, «ասածդ իմաստ չունի», «դու ի՞նչ գիտես, դու դեռ երեխա ես»:
  • Ժամանակ առ ժամանակ հանդիպումներին երեխային նվիրեք Ձեր կողմից պատրաստված փոքրիկ նվերը:
  • Պատմեք Ձեր մասին երեխային, պատասխանեք երեխայի հարցերին` տալով իր տարիքին համապատասխան պատասխաններ:
  • Խրախուսեք երեխային՝ բաց շփում ապահովելու նպատակով:

Կատարեք դա` ընդունելով նրան և գովաբանելով հաղորդակցման նրա ջանքերը:

 

 Ի՞նչ կարելի է անելի երեխայի հետ բաժանումը մեղմելու համար 

  • Պահեք հանգստություն բաժանումից առաջ, որովհետև հաճախ ծնողն էլ է հուզվում իր գնալու կապակցությամբ և այդ լարվածությունը փոխանցում է երեխային:
  • Նախապատրաստեք երեխային Ձեր հեռանալուն, համբուրեք, նույնիսկ, եթե երեխան հիսթերիայի պահեր է ապրում. ծնողը պետք է փորձի  ժպիտով, հանգիստ և հանդարտ խոսել նրա հետ և հանգստացնել՝ ասելով, որ կվերդառնա: Կախված երեխայի տարիքից՝ կարելի է բացատրել նաև հեռացման  պատճառներն ու անհրաժեշտությունը՝ իրենց  հասկանալի լեզվով:
  • Զգացմունքների մասին խոսել և դրանք անվանակոչելը հաճախ նվազեցնում է անհանգստությունը և տագնապը, հետևաբար կարելի է անվանակոչել զգացմունքը` ասելով, որ «գիտեմ, որ տխրում ես, որ ես գնում եմ և որոշ ժամանակ քեզ հետ չեմ լինելու, դրա անունը կարոտել է, ես ինքս էլ կկարոտեմ քեզ…:»:
  • Պետք է սովորեցնել երեխային հաղթահարել դժվարությունները, երեխան պետք է հասկանա, որ կյանքում լինում են նաև դժվար պահեր: