«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականցման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF-ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համագործակցությամբ, «Բռնության կանխարգելման միջոլորտային ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների զարգացում՝ հիմնված երեխայազգայուն և գենդերային զգայուն մոտեցումների վրա» ծրագրի շրջանակում, 2021 թվականի օգոստոսի 27-ին և 30-ին մեկնարկեցին բռնությունից երեխայի պաշտպանության արդյունավետության բարձրացման նպատակով մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված սեմինար-քննարկումները Հայաստանի Հանրապետության Շիրակի և Գեղարքունիքի մարզերի՝ շահագրգիռ կառույցների երեխայի հետ առնչվող մասնագետների մասնակցությամբ (տեղական ինքնակառավարման մարմիներ, ոստիկանություն, առողջապահական, կրթական, քննչական, սոցիալական աջակցության ոլորտների ծառայողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ): Միջոցառումների նպատակն է կանխարգելել երեխայի նկատմամբ բռնությունը համագործակցային աշխատանքի կարողությունների զարգացման շնորհիվ:
Սեմինար-քննարկումների ընթացքում ներկայացվեց երեխաների նկատմամբ բռնության հիմնախնդիրը՝ երեխայի իրավունքների պաշտպանության ազգային և միջազգային չափորոշիչների համատեքստում, ինչպես նաև երեխաների նկատմամբ բռնության դեպքերի հետ համագործակցային աշխատանքի հոգեբանական առանձնահատկությունները: Քննարկվեցին Հայաստանում երեխաների իրավունքների իրացման խոչընդոտների վերացման և երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման և արձագանքման գործընթացում համագործակցային մոտեցումներ ցուցաբերելու հիմնախնդիրը, ինչպես նաև մասնակիցների կողմից առաջ քաշվեցին մարզերին բնորոշ առանձնահատկությունները և դրանց համագործակցային լուծման հնարավոր ուղիները: Միջոցառման շրջանակում նախատեսված է նաև մարզային աշխատակիցներին տրամադրել շարունակական մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն: Քննարկումները իրականացվելու են Հայաստանի բոլոր մարզերում: