«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականցման կենտրոն» ՊՈԱԿ-ը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF-ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համագործակցության շրջանակներում, շարունակում է իրականացնել երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման կարողությունների համագործակցային աշխատանքներին վերաբերող մարզային դասընթաց–քննարկումները:
2021 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ <<Համագործակցային աշխատանքի կարողությունների զարգացում՝ ի նպաստ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման>> խորագրով հերթական դասընթաց-քննարկումը:
Միջոցառման մեկնարկը տրվեց ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանի ուղերձով: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ, ՀՀ ոստիկանության Վայող ձորի և Սիսիանի մարզային վարչության անչափահասների հարցերով բաժնի ծառայողներ, Գորիսի և Կապանի ոստիկանության աշխատակիցներ, ՀՀ պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի ներկայացուցիչ, հասարակական կազմակերպության, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աշխատակիցներ և այլ հյուրեր:
Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: Միջոցառման հյուրերն էին ՀՀ ՔԿ Սյունիքի քննչական կոմիտեի աշխատակիցներ, Սիսիանի, Կապանի ոստիկանության ծառայողներ և սոցիալական աշխատողներ:
Սեպտեմբեր ամսվա մարզային այցերը եզրափակվեցին սեպտեմբերի 27-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում իրականացված միջոցառմամբ: Միջոցառմանը մասնակցում էին Կոտայքի մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչներ, Կոտայքի բաժնի ոստիկանության աշխատակիցներ և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Քննարկում-հանդիպումների ընթացքում բարձրաձայնվեցին մարզային համայնքներում առկա դեպքերն ու խնդիրները` կապված երեխաների և կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հետ, ինչպես նաև երեխայի լավագույն շահերի տեսանկյունից նրանց իրավունքների պաշտպանության և դրանց լուծման հնարավոր ուղիների բացահայտման վերաբերյալ առաջարկներ: