«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականցման կենտրոն» ՊՈԱԿ-ը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF-ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համագործակցության շրջանակներում, շարունակում է իրականացնել երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման կարողությունների համագործակցային աշխատանքներին վերաբերող մարզային դասընթաց–քննարկումները:
Երեխայի պաշտպանության խնդրի լուծման համար պետք է կիրառվի համագործակցային շղթա:Այս շղթայական մեխանիզմի մեջ են՝ օրենսդրությունը, անվտանգ միջավայրը, ծնողի և խնամակալի աջակցությունը երեխայի հանդեպ, արձանագրող ծառայությունը, կրթությունն ու կյանքի հմտությունները:
Սեպտեմբերի 10-ին Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում կայացած միջմարզային «Բռնության կանխարգելման միջոլորտային ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների զարգացում՝ հիմնված երեխայազգայուն և գենդերային զգայուն մոտեցումների վրա» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակում դասընթաց–քննարկման ընթացքում ներկայացված հարցերի շարքում կարևորվեց նաև վերոնշյալ խնդիրը:
Քննարկմանը ներկա գտնվող իրավասու մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները (Արագածոտնի մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ, ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության անչափահասների հացերով բաժնի ծառայողներ, Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչ, ՀՀ պրոբացայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի ներկայացուցիչ, մարզային և համայնքային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բուժաշխատողներ) ներկայացրեցին մարզի համայնքներում կատարվող դեպքերը և քննարկեցին երեխայի իրավունքների պաշտպանության խնդրին առնչվող առանձնահատկություններն ու դրանց լուծումները :
Մարզային դասընթացը երկու մաս էր իր մեջ ներառում՝ իրավական և հոգեբանական: Համապատասխանաբար ներկայացվեցին հետևյալ թեմաները՝ «Երեխաների նկատմամբ բռնության հիմնախնդիրը երեխաների իրավունքների պաշտպանության ազգային և միջազգային չափորոշիչների համատեքստում», «Երեխաների նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության դեպքերի արձանագրման հոգեբանական առանձնահատկությունները»:
Երեխայի իրավունքների պաշտպանությանը վերաբերող մարզային դասընթաց- քննարկումները շարունակական բնույթ են կրում: